Արարատ Միրզոյանը հոխորտում է, թե Լավրովը լավ կանի, որ Հայաստանի ներքին գործերին չխառնվի:
Նախ հարց. ի՞նչ է արել Լավորովը, որ խառնվել է Հայաստանի ներքին գործերին: Ընդամենն ասել է, որ եկեղեցու վրա հարձակումները, իսկ որ դրանք հարձակումներ են, խլուրդին էլ է պարզ, մտահոգիչ են: Նույն կերպ Լավրովը մտահոգություն է հայտնում Գազայում արաբների նկատմամբ Իսրայելի գործողությունների, Իրանի նկատմամբ ԱՄՆ ռմբակոծությունների վերաբերյալ: Ի դեպ, դա անում են (մտահոգվում են, դատապարտում են, ցավակցում են, շնորհավորում են և այլն) աշխարհի բոլոր երկրները՝ աշխարհի մյուս բոլոր երկրների նկատմամբ: Դրանք այլ երկրների ներքին գործերին խառնվե՞լ են նշանակում: Եթե դա Հայաստանի ներքին գործերին խառնվել է, ապա ինչպե՞ս գնահատել Ալիևի պահանջները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը միջազգային շրջանառության մեջ մտցնելու մասին հայտարարությունները, Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններից հայ պետական գործիչների նկատմամբ ադրբեջանական վարույթների համար Հայաստանից ակնկալվող պահանջները և այլն, և այլն:
Եվս մեկ հարց, որի պատասխանը գուցե ամենևին դուր չգա Փաշինյանի իշխանություններին, բայց օբյեկտիվորեն գոյություն ունի:
Հայ Առաքելական Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ, այլ համայն հայության քրիստոնեա հատվածի: Դրա մի, իսկ գուցե՝ գերակշիռ մասն ապրում է Ռուսաստանի տարածքում, այդ երկրի քաղաքցիներ են, այդ երկրում, եթե չեմ սխալվում, ՀԱԵ երկու խոշոր թեմ է գործում: Հիմա՝ եկեղեցու նկատմամբ հարձակումները Լավրովի երկրի ներքին գործը չե՞ն, եթե անմիջականորեն վերաբերվում են այդ երկրի քաղաքացիներին:
Այդ դեպքում Ամերիկան ինչո՞ւ է «դեմոքրըսի» տարածում Հարավսլավիայում, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, Լիբանանում կամ Իրանում՝ Հայաստանը չհաշված: