Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։
Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։
Ներկայացվել են թվային մի շարք կարևոր հարթակներ, այդ թվում՝
«Անձի ֆունկցիոնալության գնահատման» e-disability համակարգը,
Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական՝ e-social.am հարթակը,
Զբաղվածության՝ e-work հարթակը։
Քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ թվային այս գործիքներն իրենցից ներկայացնում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման նոր տեսլական՝ ուղղված մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։
Չեխիայի փոխվարչապետը ընդգծել է ներկայացված հարթակների դերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել նաև Չեխիայի փորձի համատեքստում։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը։