Foto

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։ Վերջինս հետհեղափոխական իրանական կինոյի առաջամարտիկ, այսպես կոչված «Երկրորդ ալիքի» (Քիառոստամի, Մախմալբաֆ, Մաջիդի) շրջադարձային The Runner-ի (1984) հեղինակն է, լեգենդար Բահրամ Բեյզայիի զինակիցը, արվեստագետ, ում ցուցադրում են MOMA-ում և ում ֆիլմերից ոգեշնչվել են ինչպես իրանցի (Փանահի, Ղոբադի) այնպես էլ ամերիկացի (Շոն Բեյքեր, Քելի Ռայքհարդ) ռեժիսորները։ Նա առաջիններից ճեղքեց ճանապարհը դեպի իրանական կինոյի համաշխարհային բացահայտում։

Որպես կինոռեժիսոր՝ նա ոգեշնչվել է Անրի Կարտիե-Բրեսոնի քաղաքային փորձառության և առօրյա կյանքի լուսանկարչությամբ, ինչպես նաև իտալական նեոռեալիստական ​​կինոյի գեղագիտությամբ, ինչպիսիք են տեղանքային նկարահանումները և ոչ պրոֆեսիոնալ դերասանները, ավելի ազատ պատմողական կառուցվածքները և աղքատ ու աշխատավոր դասի մարդկանց ծանր վիճակի վրա կենտրոնացումը:

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։