Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքված և նրան աջակցող տասնյակ քաղաքացիների մեքենաներ մինչ օրս ՆԳՆ-ն ապօրինի կերպով պահում է հատուկ պահպանվող տարածքում և ոչ մի կերպ դրանք բաց չի թողնում։ Տասնյակ քաղաքացիներ այս օրերին դիմել են էլ ՆԳՆ-ին, էլ ՄԻՊ-ին, էլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, նաև լրատվամիջոցներին են զանգահարում՝ խնդրելով օգնել իրենց, որ ՆԳՆ-ն վերջապես հետ վերադարձնի իրենց տրանսպորտային միջոցները, որոնք մի քանի օր է՝ հատուկ պահպանվող տարածքում են։ Ու ոչ ՆԳ նախարարը, ոչ Պարեկային ծառայության պետը որևէ բացատրություն չեն բարեհաճել տալ, թե ինչ հիմնավորմամբ են տասնյակ մեքենաներ պահվում իրենց մոտ։
Արփինե Սարգսյանը, որպես գերազանցիկ իրավաբան, աչք է փակում իր ենթակաների ցուցաբերած այս ապօրինությունների վրա, քանի որ ակնհայտ է, որ վերևից քաղաքական հրահանգ է իջել՝ ճնշել Սամվել Կարապետյանին աջակցող անձանց ինչով հնարավոր է, տիկին նախարարն էլ դա հնազանդորեն և անվերապահ կատարում է։ Ընդ որում, պարեկները հավանավար հրահանգն այնքան ուղիղ են հասկացել, որ Սամվել Կարապետյանի տան մոտից դուրս եկող ցանկացած մեքենա պետք է կանգնեցնեն ու տանեն «պլաշադկա», որ անգամ այդ փողոցով պատահաբար անցնող տաքսիներն են կանգնեցրել և առանց բացատրության, ծիծաղելի պատճառաբանությամբ «առևանգել» ու մինչ օրս չեն վերադարձնում։
Այդպիսի մեքենաներից մեկի վարորդը՝ Հայկազ Լապայանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց․ «Ես չեմ մասնակցել Սամվել Կարապետյանի տան դիմացի հավաքին, ուղղակի Բաբայան փողոցը եկել հատել եմ, Ազատության պողոտայում ինձ բռնել են, հրամանատար էր ինչ-որ, փաստաթղթերս վերցրեց, թե՝ մի հատ ստուգենք, նայեց՝ իբր իր մոտ ծրագիրը չի աշխատում, ինձ խնդրեց, որ իջնենք «Փոսի ԳԱԻ», որպեսզի ծրագրով նայեն, տեսնեն՝ նորմալ է փաստաթղթերս, ու ինձ ճանապարհեն, գնամ։ Իջնում ենք «ԳԱԻ պլաշադկա», էնտեղ ասում եմ՝ «դե, փաստաթղթերս նայեք, որ գնամ», ասում են՝ «չենք կարա նայենք»։ Ասում եմ՝ ո՞նց, խաբո՞ւմ եք մեզ, ու էդ պահին (գիշերը 12-ի կողմերն էր արդեն) տեսնում եմ՝ մեքենաներ ա, որ բերում են։ Հարցնում են՝ ի՞նչն ա պատճառը, որ մեքենաները բերել են էստեղ, մեկին ասում են՝ մեքենան իբր հետախուզման մեջ է, մեկին ասում են՝ «դեղատուփ չունես», մյուսին՝ «կրակմարիչ չունես», ու էդպես անհեթեթ պատճառներ։ Հետո մեզ մոտենում են ու ասում՝ «դե, գիտեք, թե ինչ միջոցառում ա, պիտի մեքենաները մնան էստեղ, առավոտ 10-ին կգաք, մեքենաները կվերցնեք»։ Ասում ենք՝ «լավ, գլուխը քարը, առավոտ կգանք կվերցնենք»։ Առավոտյան 10-ին վարորդներով մոտենում ենք «Փոսի ԳԱԻ», որ մեքենաները վերցնենք, մի յոթասանուսին մոտ մեքենա կար էնտեղ, բայց ոստիկանությունից ասում են՝ «մեզ հրաման կա, որ ոչ մի մեքենա բաց չթողնենք»»։
Դրանից հետո զանգել են 1-02, բողոքել են այս որոշման դեմ, հետո զանգել են ՄԻՊ, ներկայացրել են խնդիր, գնացել են նաև Պարեկային ծառայություն, սակայն որևէ տեղից որևէ հստակ բան չեն ասել։ ՄԻՊ-ից հայտնել են, որ իրենք գրություն են ուղարկել ՆԳՆ, սպասում են պատասխանին։ Պարեկային ծառայությունից էլ ասել են, թե իրենց ներքին կարգով հրաման է իջեցվել, որ մեքենաները տանեն հատուկ պահպանվող տարածք։
«Ասում եմ՝ ես իմ մեքենան որպես տաքսի ու տուրիստական մեքենա եմ օգտագործում, էն էլ՝ օրավարձով, ո՞վ ա պատասխան տալու դրա համար։ Մեքենաս սև Hyundai Elantra է, համարները՝ 89 DL 899։ Էդ մեքենան իմ եկամտի միակ աղբյուրն ա, էդ պահին ես իմ վերջին հաճախորդին էի իջեցրել ու տուն էի գնում, որ կանգնեցրին։ Ծրագրիս մեջ էլ կա, որ ես հաճախորդին Ֆրունզե 20 հասցեից վերցրել, բերել, Ազատության պողոտա 2 հասցեում իջեցրել եմ, բայց ինձ ոստիկանները կանչել հարցնում էին՝ «Սամվել Կարապետյանի հետ ի՞նչ կապ ունեք»։ Դա անելու բա՞ն ա»,- դժգոհեց Արփինե Սարգսյանի ղեկավարած կառույցի ապօրինություններից տուժած մեր զրուցակիցը։
Մենք փորձեցինք ՆԳՆ-ից ու ՄԻՊ-ից էլ որևէ պատասխան ստանալ, սակայն ՆԳՆ-ից որևէ հոդաբաշխ պատասխան ստանալ չհաջողվեց, քանզի իրենք էլ են գիտակցում, որ քաղաքական պատվեր են կատարում, իսկ ՄԻՊ-ից կրկնեցին նույնը, որ Պաշտպանը նշված դեպքով պարզաբանումներ է պահանջել պետական մարմնից, սպասում են պատասխանին։
Վահե Մակարյան