Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորներինը՝ 63-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Միևնույն ժամանակ Syria TV-ի թղթակիցը, հղում անելով բժշկական աղբյուրներին, հայտնել է, որ հունական եկեղեցու ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։
Սիրիայի կառավարության մի շարք պաշտոնյաներ այցելել են եկեղեցի և ընդգծել արդարադատության հասնելու և հարձակման մեջ ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Դամասկոսի նահանգապետը հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը և ինտենսիվ աշխատում հանցագործության ծագումը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: