Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ։
Այս մասին Բեռլինում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք կարագացնենք աշխատանքը Եվրամիությունում պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա: Կարող եմ ասել, որ ես շնորհակալ եմ, որ երեկ Եվրահանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 18-րդ փաթեթի առաջարկները: Եվ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, այն կընդունվի հաջորդ շաբաթ»,- ասել է նա:
Մերցի խոսքերով, Վաշինգտոնում, նույնպես «պատրաստվում են Կոնգրեսի և վարչակազմի կողմից հնարավոր միջոցառումներին»:
Գերմանիայի կանցլերը նաեւ ասել է, որ «Ռուսաստանը անվտանգության սպառնալիք է ներկայացնում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում»։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է խափանված «Հյուսիսային հոսք» գազատարի օգտագործման արգելք, բանկերի և լցանավերի սև ցուցակում ընդգրկելը, ԵՄ երկրներին ռուսական նավթ գնելու արգելք և դրա գնային առաստաղի իջեցման փորձ։
Այժմ Եվրահանաձնաժողովի այս նախաձեռնությունները պետք է հաստատեն նախ դեսպանները, ապա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։ Եվրահանձնաժողովը հույս ունի դրան հասնել հունիսի վերջին կայանալիք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: