Foto

ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջեւ հունիսի 15-ին Մասկաթում նախատեսված անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլի վրա։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Այդ բանակցությունները տեղի կունենան ՄԱԳԱՏԷ-ի վերջերս հաստատված բանաձևի ստվերում, որը բարդացնում է երկխոսությունը: Բայց մենք վճռական ենք պաշտպանելու Իրանի իրավունքները և նրա ձեռքբերումները միջուկային ոլորտում»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, ըստ որի՝ Իրանն ամբողջությամբ չի պահպանում իր միջուկային պարտավորությունները: 

Ի պատասխան դրա՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, իսկ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին: