Foto

«Ես մեծացել եմ լսելով տատիկի ու պապիկի սիրո մասին պատմություններն ու երազել նման սիրո մասին». Էվելինա Շահիրյանը՝ տատիկի մասին

Այսօր դերասանուհի, ՀՀ Վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը նշում է ծննդյան տարեդարձը: Այդ առիթով Tert.am Life-ը զրուցել է նրա թոռնուհու՝ կրտսեր Էվելինա Շահիրյանի հետ ու բացահայտել դերասանուհուն թոռնիկի աչքերով:

«Տատիկն ինձ համար ամեն հարցում միշտ օրինակ է եղել: Ես մեծացել եմ լսելով տատիկի ու պապիկի սիրո մասին պատմությունները:

Շատ հեատքրքիր սիրո պատմություն ունեն: Պապիկիս ինքս չեմ տեսել, գիտեմ, որ նա տարիքով բավական մեծ է եղել ու ընկերներն անընդհատ ասել են՝ «ինչու չես ամուսնանում»:

Այդ ժամանակ տատիկը եղել է առաջին հաղորդավարուհիներից մեկը Հայաստանում:

Մի անգամ եթերում այդ պահին տատիկն է եղել, պապիկս տեսել է, գրկել  հեռուստացույցն ու ասել՝ «երբ այս աղջկան տեսնեմ, անպայման կամուսնանամ»:

2 օր հետո պատահական մի առիթի ժամանակ, որտեղ ո՛չ տատիկը, ո՛չ էլ պապիկը չպիտի ներկա լինեին, հանկարծ հանդիպում են ու պապիկս ամեն ինչ անում է, որ տատիկի սիրտը գրավի և ամուսնանա»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Էվելինա Շահիրյանը:

Նա անկեղծացավ, որ միշտ երազել է ինքն էլ ունենալ նման հարաբերություններ:

«Բոլորը պատմում են, թե ինչ ուշադիր է եղել պապիկս: Ու այդ պատմությունները լսելիս միշտ ասել եմ, որ ես էլ եմ նման ընտանիք ուզում ունենալ, որ նույնիսկ տարիներ հետո խոսեն այդ սիրո ու հարաբերությունների մասին:

Տատիկը միշտ բոլոր հարցերում բոլորի աջակիցն է, ու առաջին մարդն է, ում խորհուրդ եմ հարցնում:

Նրա ամենակարևոր խորհուրդներից մեկն է՝ երբեք չչարանալ ոչ ոքի հանդեպ, սիրտը միշտ լայն պահել: Միշտ ասում է՝ «ինչքան դրական էմոցիաներ տաս, նույնն էլ վստահաբար հետ ես ստանալու»,- ամփոփեց Էվելինա Շահիրյանը: