Հունիսի 11-ի երեկոյան Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ կրկին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շուտով վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները վնասել են ներգաղթյալների տները, այրել մեքենաները և ոստիկանների վրա նետել դյուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ:
Բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել: Հինգ ցուցարար ձերբակալվել է: Իրաապահ մարմինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին Միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 9-ի երեկոյան, երբ 14-ամյա ռումինացի երկու դեռահաս մեղադրվել են իրենց տարեկից աղջկան բռնաբարելու փորձի համար:
Ցույցերից մի քանի ժամ առաջ դատարանում դեռահասների փաստաբանը հայտարարել է, որ նրանք կտրականապես հերքում են առաջադրված մեղադրանքները։ Ցուցարարները որոշ տների վրա թողել են բնակիչների ազգությունը նշող գրառումներ:
Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ'Նիլը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բալիմենայում տեղի ունեցող անկարգությունները, նա դրանք անվանել է «մաքուր ռասիզմ»: «Պատասխանատուները բացի վախից և ատելությունից, հասարակությանը ոչինչ չեն բերում»,- ասել է նա: