Հունիսի 11-ին' ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով, հոգեբանական աջակցության բաժնից հոգեբաններ։
Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մեծաքանակ ուժեր․ Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, մարզային փրկակարարան վարչություններից, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից։
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Զոհերի թիվը հասել է չորսի․ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։