Foto

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։


Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։


Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, իր հերթին, վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP-17-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և կայունության ապահովման վերաբերյալ։