Foto

«Շունչ» թատրոնի 2-ամյակը, հայտնի հյուրերն ու բացօթյա պրեմիերան

«Շունչ» թատրոնը 2 տարեկան է, այս ընթացքում հասցրել է իր շուրջ համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերի, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ ու գրավել հանդիսատեսի սիրտը:

Թատրոնի անձնակազմն ու ընկերները հավաքվել էինք Latar համալիրում՝ նշելու թատրոնի ստեղծման 2-ամյակն ու առաջինը դիտելու «Այ քեզ հարսանիք» նոր ներկայացումը:

Երեկոյին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, զրուցել թատրոնի տնօրենի և դերասանների հետ:

Թատրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ 2 տարիների ընթացքում թատրոնը ձեռք է բերել հավատարիմ հանդիսատես: «Նրանց խոսքերն ու ծափերը մեզ համար ամենամեծ ձեռքբերումն է: Բացի այդ, ունեցել ենք համագործակցություններ ժամանակակից դրամատուգների ու կոմպոզիտորների հետ, մարդկանց, ովքեր այսօր շունչ են տալիս մեր թատրոնին»,- նշեց Սամվել Դանիելյանը:

Նա ասաց, որ «Շունչ» թատրոնը հանդիսատեսի համար ամռան ամիսներին բացօթյա ձևաչափով կներկայանա:

«Բացօթյա ներկայացումը ստեղծվեց Latar հյուանոցային կոմպլեքսի հետ համատեղ: Գաղափարը շատ լավն է, քանի որ այստեղ հանդիսատեսը ոչ միայն ներկայացում է դիտելու, այլ նաև հրաշալի ժամանց է անցկացնելու, լիցքաթափվելու ու վայելելու իր օրը»,-նշեց Սամվել Դանիելյանը:

Բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է: Դերասանական կազմում ներգրավված են տարբեր թատրոնների դերասաններ:

Դերասանուհի Էմմա Մկրտչյանն, ով ներկայացման մեջ մարմնավորում է հարսի կերպարը, նշեց, որ ներկայացումը կոմեդիա է` համեմված ռոմանտիկ տարրերով:

«Հարսանիքը տարօրինակ է նրանով, որ հարսանիքի օրն է, բայց փեսացուն դեռ չի ճանաչում հարսնացուին: Ես ու Հայկը առաջին անգամ պիտի համբուրվենք բերում, բայց քանի որ մենք մտերիմ ընկերներ ենք, այդ պահը չի ստացվել մինչև վերջին փորձը»,- պատմեց դերասանուհին ու պրեմիերայից առաջ հույս հայտնեց, որ համբույրի տեսարանը չեն ձախողի:

Փեսայի կերպարը մարմնավորող դերասան Հայկ Դարբինյանը «Շունչ» թատրոնի հետ համագործակցում է առաջին անգամ:

«Շատ հաճելի է աշխատել փորձառու դերասանների հետ, ինձ համար նաև փորձի փոխանակում է»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկը:

Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է դերասան Սուրեն Առուստամյանը: Պրեմիերայից առաջ դերասանը նշեց, որ փորձերի ընթացքից հաճույք է ստացել:

«Հավաքվել են տաղանդավոր մարդիկ ու լավ թիմ է աշխատել: Բոլոր կերպարները շատ կոլորիտային են: Ընտանիք է որտեղ պիտի լինի հարսանիք, բայց ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում ու չի հասկանում: Վերջում սերն է հաղթում»,- ամփոփեց Սուրեն Առուստամյանը՝ ներկայացման սյուժեն թողնելով գաղտնի:

Պրեմիերային հաջորդեց ծննդյան տորթը կտրելու արարողությունն ու երեկոյի ամենասպասված հատվածը` after party-ն: