Foto

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: 

Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, առևտրային ծրագրի միջոցով գործարքները ձևակերպելիս դրանց մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվել հսկիչ դրամարկղային մեքենա ու դուրս չեն գրվել հարկային հաշիվներ, իսկ իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է տան նկուղային հարկում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգում։

Այսպիսով, Խ.Պ.-ն թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:  

Խ.Պ.-ի և Ա.Պ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամ, արգելանք է դրվել Խ.Պ.-ին և Ա.Պ.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի, բանկային հաշիվների վրա:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: