«Համաձայնեցի նկարահանվել այս ֆիլմում, քանի որ ռեժիսորն իմ ընկերն է՝ Մհեր Խաչատրյանն, ում հետ ես շատ եմ աշխատել: Մենք իրար գիտենք դեռևս «Թաքնված սեր» հեռուստասերիալից, նրա հետ անընդհատ հաճելի է աշխատել ու լինել նկարահանման հրապարակում:
Ֆիլմը կրիմինալ ժանրում է, բայց իմ կերպարն այդքան էլ կապ չունի այդ աշխարհի հետ:
Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն, բավական վառ կերպար է՝ համարձակ, ուժեղ ու ձիգ աղջիկ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով այս պահին նկարահանվում է «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմում:
Դերասանուհին նշեց, որ զբաղվածությունն այս ֆիլմում շատ չէ, և այս պահին երկար նախագծերում հանդես գալուց խուսափում է:
«Ավելի սիրով եմ աշխատում ոչ շատ երկար ու ձգձգվող նախագծերում ու ամենաուրախացնողն այն էր, որ նորից Մհերի հետ պիտի աշխատեի»,- նշեց դերասանուհին:
Մարիամ Ադամյանի հետ նույն ֆիլմում նկարահանվում է նաև ամուսինը՝ Միկա Ղափլանյանը: Դերասանուհին նշեց, որ նույն տեսարաններում շատ չեն հանդիպում:
«Իրար հետ ընդհանուր քիչ գիծ ունենք ու ամբողջ ֆիլմի ընթացքում մի քանի անգամ ենք հանդիպում»,- ասաց Մարիամ Ադամյանն ու հավելեց, որ նկարահանումներն անցնում են շատ պրոֆեսիոնալ մթնոլորտում:
Ավելի վաղ, Tert.am Life-ը զրուցել էր նաև գլխավոր հերոսուհուն մարմնավորղ Լիլիթ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք՝ Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժ Մարգարյանը, Վիլեն Սարգսյանը, Հարություն Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Մարիամ Ադամյանը և այլք:
«Վենդետա»-ն ընկերության մասին դրամա է՝ կրիմինալ տարրերով: