Բրազիլիայի ոստիկանությունը մայիսի 4-ին հայտարարել է, որ կանխել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ նախատեսված ռումբով հարձակումը։ Համերգը, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, հավաքել էր ավելի քան 2 միլիոն մարդու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռիո դե Ժանեյրո նահանգի քաղաքացիական ոստիկանությունը, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, հայտարարել է, որ դավադրությունը կազմակերպվել էր մի խմբի կողմից, որն առաջ է մղում ատելության խոսքը և դեռահասների արմատականացումը, այդ թվում՝ ինքնավնասումը և բռնություն ընդգրկող բովանդակությունը՝ որպես սոցիալական պատկանելության ձև։
«Կասկածյալները հավաքագրում էին մասնակիցների, այդ թվում՝ անչափահասների, համակարգված հարձակումներ իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովի կոկտեյլներ», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Բրազիլիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հավաքագրողները ներկայացել են որպես Գագայի համաշխարհային երկրպագուների բազայի անդամներ, որոնք հայտնի են որպես «Փոքրիկ հրեշներ»։
Խմբի ղեկավարին ձերբակալել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում՝ անօրինական զենքի պահման համար։ Մի քանի նահանգներում կատարվել են տասնյակ խուզարկություններ։
Ըստ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի՝ ամերիկացի փոփ աստղի համերգին ներկա է գտնվել 2,1 միլիոն մարդ։