«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը
խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- Երևանի քաղաքապետարանի
գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝
անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Ավինյանը նաև նշեց,
որ վարչական շրջանների ղեկավարները պետք է զսպվածություն դրսևորեն ցանկացած սադրանքի
դեպքում։ Թե Չախոյանի արարքում ո՞րն էր սադրանք, ո՛չ թողապետը և ո՛չ էլ քաղաքապետը չնշեցին,
սակայն Ավինյանն, իր ձևակերպման մեջ, ասաց, որ սուտ խոսելը կարելի է ընկալել սադրանք։
Իսկ թե Չախոյանն ինչում էր ստել հայտնի չէ։ Մանկապարտեզի անորակ շինարարությունը շատ
հստակ երևում է տեսանյութում։ Ամեն դեպքում թաղապետը ներողություն խնդրեց բռնության
համար և վերջ։
«Այո, տեսարանը ոչ
հաճելիներից էր, և, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին,
պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար և ձեզանից,
պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում
եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- արձագանքեց Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Դեպքի առթիվ հարուցվել
է քրեական վարույթ, կա 6 ձերբակալված, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրված՝
խուլիգանություն կատարելու կասկածանքով, որպես մեղադրյալ է ներգրավված Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության
անդամ Մեսրոպ Մանուկյանը։
ԱԺ-ում, Երևանի ավագանու
նիստերին, փողոցումներում իշխանության ներկայացուցիչների և որոշ ընդդիմադիրների միջև
վերճերը, բռնության տեսարանները քիչ չեն։ Գրեթե բոլոր դեպքերով էլ նախաձեռնվում է քրեական
վարույթ։ Բայց բռնությունն ու հայհոյանքն անընդունելի համարող իշխանության ներկայացուցիչների
բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված վարույթները կարճվում են, ձերբակալվածներ
և կալանավորվածներ չեն լինում և այլն։ Իսկ, երբ հարցը վերաբերում է ընդդիմադիրներին՝
նրանց զրկում են ավագանու մանդատից: ԱԺ-ի պատգամավորների դեպքում գլխավոր դատախազը
գալիս է ԱԺ՝ անձեռմխելությունից զրկելու համար, իսկ, օրինակ, ԱԺ նախագահի կամ նրա մոր
փողոցում ցուցարարների վրա թքելու համար խուլիգանության հոդվածը կիրառելի չէ և վարույթ
չի նախաձեռնվում։
Ավտոբուսում քաղաքացի
Սամվել Վարդանյանը, երբ հանդիպել էր ԱԺ այն ժամանակ իշխանական պատգամավոր Հակոբ Ալսանյանին
և վիրավորական մի քանի արտահայտություն էր արել, չէր հայհոյել այնպես ինչպես Նոր Նորքի
վարչական ղեկավարը: Սամվելին արագ կալանավորեցին, ձերբակալեցին, տարան կալանքի, ապա, ոստիկանների հսկողության տակ գտնվելով, ենթարկեցին խոշտանգման։ Չկար ծեծ և հայհոյանք։
Լուսահոգի պրոդյուսեր
Արմեն Գրիգորյանը մահացավ կալանքի ժամանակ՝ դատական նիստերի դահլիճում, Շիրակի ժողովրդի
հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար, բայց երբ ԱԺ նախագահի, այլ իշխանականների
և նրանց արբայնակների մակարդակով թշնամանք է տարածվում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ,
նույնիսկ վարույթ չի նախաձեռնվում։
Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը կարող է
17 ամյա մատուցող տղային ծեծել և հետո գործուն զղջալ և քրեական հետապնդումը դադարեցվի։
Բայց Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոյանի, Վազգեն Սաղաթելյանի, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի,
Սյունիքի համայնքապետերի և պարզապես վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեպքում,
երբ բռնություն չկա, պարզապես ինչ-որ քաղաքական քննադատական խոսք է, կիրառելի չէ ոչ մի մեղամացուցիչ դրույթ։ Վարչական շրջանի շենքում իրար ծեծելու համար ձերբակալվածներ
կան, ցույցերի մասնակցելու համար տևական ժամանակ կալանավորվածներ կան, բայց Նիկոլ Փաշինյանի
ավտոշարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանի գործով ոչ մի կալանավարված անձ չկա։
Ավելին, իրավահաջորդի փաստաբանի խոսքով, գործը ձգձգում են՝ վաղեմության ժամկետը կիրառելով
կարճելու համար։ Ահա և ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած իշխանության իրականացրած
արդարադատության իրական պատկերը։