Foto

Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում

Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախագահ Անդոնիս Պավլիդիսը և Հայաստանից հրավիրված հատուկ հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը։

Միջոցառումը համակարգել է Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Լոնիդաս Խրիզանթոպուլոսը։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանն իր բացման խոսքում նշել է․ «Լեռնային Ղարաբաղում 2023թ․ էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները»:

Վտանգված հուշարձանների շարքում դեսպանը թվել է Ամարասի վանքը, Վանքասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Դադիվանքն ու Գանձասարը, Ծիծեռնավանքը, Կատարոյի վանքը, հազարավոր խաչքարեր, գերեզմանաքարեր և բազմաթիվ այլ վայրեր: Նա նշել է, որ «այս հուշարձանները միայն անցյալի մնացորդներ չեն, այլ կենդանի վկայություններ են տարածաշրջանում հայկական քաղաքակրթության մասին»: 

Դեսպանության տեղեկացմամբ՝ Անդոնիս Պավլիդիսը իր ելույթում նշել է. «Եկեղեցական և մշակութային հուշարձանները յուրաքանչյուր ժողովրդի պատմության անկյունաքարերն են, և դրանց գոյությունն անուրանալի վկայություն է ժողովուրդների անցյալի մասին: Եթե դրանք կործանվեն, այդ պատմությունը կխեղաթյուրվի»։ Նա դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ մուտքը արհեստականորեն խոչընդոտելու Բաքվի քաղաքականությունը։ 

Նշվում է, որ միջոցառման հիմնական բանախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է զեկույց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման և արցախահայերի մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցում ներկայացվել են ԼՂ պատմական հայկական ինքնության մշակութային հիմնավորումները՝ ընդգծելով դրա մշակութային ժառանգության առանձնահատկությունները, համամարդկային բնույթը և դրա պաշտպանության մեխանիզմները։ Զեկույցն ընդգծում էր Ադրբեջանի կողմից արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման մեխանիզմները` ընդգծելով պատմական հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների, ամբողջական գյուղերի ու քաղաքների, ինչպես նաև ժամանակակից հուշարձանների ոչնչացումները։ Զեկույցը ներկայացրել է նաև հայկական հոգևոր ժառանգության յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը, որով կեղծվում է հայկական ինքնությունը և հայկական ժառանգությունը վերագրվում այլ էթնիկ հանրույթներին։ Զեկույցն ընդգրկել է փաստեր ԼՂ մշակութային լանդշաֆտի խեղաթյուրման և պատմական հետքի ոչնչացման վերաբերյալ։ Տիգրանյանն իր զեկույցում ընդգծել է բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` դեպի հուշարձանների տարածքներ մուտքի իրավունքի երաշխավորման, ժառանգությունը կենսունակ և ճշմարտացի գիտելիքով սերունդներին փոխանցելու կարևորությունը։

Միջոցառման սկզբում ցուցադրվել է կարճ տեսանյութ, որտեղ ներկայացվել են հայկական մշակութային արժեքների, հուշարձանների վանդալիզմի տեսարաններ։ Միջոցառման ավարտին ներկաներին տրամադրվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից պատրաստված, տպագրված և ԼՂ հայկական մշակութային ժառանգությանը նվիրված 2025 թ․-ի օրացույցները։