Ռուսաստանի զինված ուժերը Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում ավարտում են Ուկրաինայի զինուժի լիակատար ջախջախումը: Ինչպես փոխանցում է Коммерсант-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր դատախազության ընդլայնված նիստում։
«Մեր զորքերը վերջերս իրականացրել են մի շարք արագ, բավականին համարձակ, արդյունավետ գործողություններ և ավարտում են Կուրսկի շրջանում հակառակորդի զորախմբի ջախջախումը»,- ասել է Պուտինը՝ հրամայելով բացահայտել և պատժել բոլոր նրանց, ովքեր հանցագործություն են կատարել խաղաղ բնակչության դեմ։
ՌԴ նախագահը, ինչպես նախկինում էր հայտարարել, շեշտել է, որ բոլոր ուկրաինացի զինվորականները և օտարերկրյա վարձկանները, որոնք գտնվել են Ռուսաստանի տարածքում և հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, ըստ ՌԴ օրենսդրության՝ համարվում են ահաբեկիչներ:
«Բոլոր այս հանցագործները, հանցավոր հրամաններ տվողները, խաղաղ քաղաքացիներին ծաղրողները պետք է բացահայտվեն և ապագայում պետք է արդար պատիժ ստանան»,- ասել է ՌԴ նախագահը։