Այս պահին մի խումբ քաղաքացիներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
«Քննչական կոմիտեն մինչեւ վաղը պետք է տվյալներ ունենա, թե ովքեր են Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել բռնության և պետք է նրանց պաշտոնավարումը կասեցնել և ձերբակալել, որպեսզի չխոչընդոտեն ապացուցման գործընթացին, հակառակ պարագայում, մենք հավաքվելու ենք ՔԿ-ի դիմաց և մեր դժգոհությունն ենք արտահայտելու: Վաղը հավաքվելու ենք Մամիկոնյանց 46/5 շենքի մոտ՝ պահանջելու արդար նախաքննություն»,–երեկ հայտարարել էր արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Արցախցի Տիգրան Ուլաբաբյանը պատմեց, թե ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել․
«Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում եմ իրենց դեմքին, հարց եմ տալիս, ասում եմ՝ ես «նավոդկա» տվո՞ղ եմ, կարո՞ղ եք ապացուցել։ Հետո ինձ բան չասացին, դե ինչ ասեն՝ ապացույց չունեն, տեսախցիկներով երևում է, թե ինչպես է գողը մուտքով մտնում, հետո դուրս գալիս ու հանկարծ քաղաքից «ռեսկի» անհետանում։
Ասում են՝ խոստովանի, ի՞նչը խոստովանեմ, ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ։ Ես ոստիկաններին ասել եմ, որ ես չեմ կարող գողություն կատարել, ես գող չեմ, ես կռված մարդու եղբայր եմ, կռված մարդու որդի եմ, բայց բաժնի պետը սկսել է հայհոյել՝ ասելով, թե կռվածներին հարգում է, կռված լինելն ու կռվածի որդի ու եղբայր լինելը «մեջ չբերեմ»։ Բաժնի պետն ասում է՝ խոստովանիր, որ դու ես կատարել, այստեղից դուրս կգաս, այնպես կանեմ, որ ոչ մի բանի հետ կապ չես ունենա։ Ասացի՝ խոստովանելու բան չունեմ։ Ուզում էին գործը գլխիս կապեին, որովհետև գողերին չէին կարողանում գտնել»։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով: