Foto

Ավտովթար՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում․ ազգությամբ վրացի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Լիպարիտ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Սեյրան Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Թեյմուրազ Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թեյմուրազ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանը և կրտսեր պարեկ Գևորգ Թումանյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։