Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այս պահին դռնփակ քննվում է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։
Դատարանի մուտքի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ՝ ի պաշտպանություն Էդգար Ղազարյանի։
ՀՀ ԱԺ «ՊՈՒ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման որպես «հայցվոր» համարում է Նիկոլ Փաշինյանին։
«Այս 7 տարիների այնքան բան է արել, որ այլեւս Փաշինյանի արածներից ոչ մի բանի վրա չենք զարմանում։ Երբ ուրանում է ցեղասպանության հարցը, Արցախը, կատարում է Ադրբեջանի պահանջները, ուրիշ ինչ չպետք է անի, կա՞ ինչ որ բան, որ Փաշինյանը չի անի»,- նշել է Մամիջանյանցը՝ ավելացնելով, որ նա (Ն.Փաշինյանը-խմբ.) միայն խելքը գլխին չի անի։
Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի դեմ հարուցված հետապնդմանը, ապա, Հ. Մամիջանյանի գնահատմամբ, դա վտանգավոր է ոչ միայն նրա համար, որ Էդգար Ղազարյանը օրվա իշխանության ակտիվ քննադատողներից է, այլ այս նախադեպը կարող է դառնալ մահակ՝ բոլոր քաղաքական, հասարակական գործիչների համար, որոնք, պարզապես իրենց քաղաքական հայացքներից, հայրենասիրական արժեհամակարգից ելնելով, տեղեկատվություն տրամադրելու համար կարող են նման շինծու գործերով հետապնդվել։
Այդուհանդերձ, Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ Ղազարյանին նման քայլերը չեն կարող վախեցնել։