Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կժամանի հաջորդ շաբաթ: Նրա խոսքով՝ Լավրովի այցն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորհրդակցությունների շարունակմանը. երկրները մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Դեկտեմբերին Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագիրը կարձանագրի պաշտպանության ոլորտում համագործակցության ձգտումը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերը պատրաստվում են համատեղ պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, հակազդել բազմաթիվ այլ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների: