Foto

Հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը

Հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի անձնակազմի և ավիադիսպետչերների խոսակցությունների ամբողջական սղագրությունը։ Սղագրությունը հրապարակել է Baza Telegram ալիքը։

Սեւ արկղերի հրապարակված տեքստից պարզ է դառնում, որ Գրոզնիում վայրէջք չկատարելու, Մախաչկալա չվերթ չվերթի, այնուհետև Բաքու վերադառնալու, արդյունքում՝ դեպի Ակտաու թռչելու բոլոր որոշումները կայացվել են «Ադրբեջանական ավիաուղիների» անձնակազմի կողմից ինքնուրույն։

Դիսպետչերներն օղանավի անձնակազմին առաջարկել են վայրէջք կատարել նախ Գրոզնիում, այնուհետև Մախաչկալայում, ապա նաեւ տեղեկություններ տվել ռուսական այլ օդանավակայանների մասին, սակայն անձնակազմը որոշել է վայրէջք չկատարել այնտեղ։ Ավելին, ձայնագրություններից պարզ է դառնում, որ օդաչուները դիսպետչերների հետ խոսակցության ընթացքում նշել են թռչունների հետ բախման, ինչպես նաև օդանավում գազի բալոնի պայթելու մասին։ Արձանագրությունները ցույց են տալիս նաև, որ օդանավի վրա արտաքին ազդեցություն է եղել, թեև օդաչուն ինքնաթիռում արտակարգ իրավիճակ չի հայտարարել։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը սղագրության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել՝ հայտարարելով, որ կործանված AZAL ինքնաթիռի խոսակցությունների սղագրությունը պաշտոնական աղբյուր չունի։
«Մինչև նախնական հաշվետվության հրապարակումը հանձնաժողովը չի մեկնաբանի ինտերնետից ստացված տվյալները», - նշել են նախարարությունից՝ ընդգծելով, որ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը և զբաղվում է աղետի պատճառների բացահայտմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ակտաուի մոտ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ դրսից ստացված վնասվածքն է։

Ալիեւը նաեւ մեղադրել է ռուս պաշտոնյաներին միջադեպը կոծկելու փորձի մեջ եւ ասել, որ նրանք առաջ են քաշում տեղի ունեցածի «խելագար վարկածներ», ապա նաև հայտարարել էր, թե ՌԴ նախագահը պետք է կատարվածի համար ներողություն խնդրի։

«Իհարկե, վերջնական վարկածը հայտնի կդառնա սև արկղերի վերծանումից հետո: Բայց նախնական վարկածները նույնպես հիմնավոր են և հիմնված են փաստերի վրա: Եվ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից ՝գետնից բացված կրակի հետեւանքով Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես լրջորեն վնասված է։

Մեզ վրդովեցուց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները վարկածներ էին առաջ քաշում գազի ինչ-որ բալոնի պայթյունի մասին, այսինքն՝ բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լփակել հարցը»,- ասել է Ալիևը՝ Ռուսաստանից պահանջելով «ընդունել մեղքը, պատժել մեղավորներին և փոխհատուցում վճարել» AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 28-ին Կրեմլը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսով քննարկել են Ակտաու քաղաքի մերձակայքում Ադրբեջանի ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման հարցը։ ըստ հաղորդագրության՝ Պուտինը ներողություն էր խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։ Մնում է սպասել, թե արդյոք Ալիևը ներողություն կխնդրի Պուտինից՝ ռուսական կողմի առաջ քաշած վարկածները «խելագար» անվանելու և ռուսական կողմի նկատմմաբ հնչեցված մեղադրանքների համար։

Աղբյուր` Փաստինֆո