Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն են առաջացնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը:
«Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։
Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։
Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։
Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»,- գրել է պատգամավորը: