Foto

Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների եւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել:

«Ժողովուրդ»-ին պատմեցին, որ անհետ կորած զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ոգեւորված ու բարձր տոնայնությամբ պատասխանել է ծնողներին, պահանջել՝ նախ իր հետ «այդպես» չխոսեն, ինչն իրավիճակն ավելի է լարել. հնչած բղավոցները միջանցքում են անգամ լսելի եղել: Հետո, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղի է տվել ծնողների ճնշումներին, հանդարտվել է ու խոստացել է եւս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում եւ հստակ պատասխաններ տալ ծնողներին:

Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը չընդունեց ծնողներին։ Ավելի ուշ նրանց ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել: Հանդիպումը կազմակերպվեց, բայց անհետ կորած զինծառայողների հարազատները իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հանդիպման կողմերից: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հրաժարվել էր մեզ հետ զրուցելուց, իսկ ծնողները չցանկացան իրենց անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կվնասեն իրենց երեխաներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15․ 01․ 25 թ համարում։