Foto

Ինչո՞ւ հրավիրեց բանավեճի՝ իմանալով, որ մերժվելու է

Վարչապետ Փաշինյանն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ կրկին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին և նշում, որ դա միասին բաց խոսելու հնարավորություն է, իսկ հրաժարվելու դեպքում ինքը ժողովրդին կօգնի հասկանալ իրողությունը։ Բնականաբար, դա կլինի իր պրիզմայից։ Երեք նախագահները մերժեցին անվիճելի առարկայի շուրջ բանավեճը։ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանն, արձագանքելով Փաշինյանին, նշել է․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը․․․․»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ նախագահը վաղուց Փաշինյանի հայտարարությունների չի հետևում, ինքն է, աշխատանքի բերումով, ծանոթացել ․«Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար․․․»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս արձանագրել է, որ ակնհայտի մասին չեն բանավիճում և խորհուրդ է տվել բանավիճել Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարների հետ։ «Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»։

Երեք նախագահների տեքստերում մի հստակ ուղեգիծ կա՝ անվիճելի թեմաների շուրջ չեն բանակցում և բոլորի հետ չի, որ կարելի է բանակցել լուրջ և առանցքայն թեմաների մասին։

Նիկոլ Փաշինյանը շատ հստակ գիտեր նախկին նախագահների վերաբերմունքն իր անձի և իր կառավարման մասին և, հավանաբար, պատկերացնում էր, որ բանավեճի առաջարկի մեժումն ավելի հավանական էր, քան ընդունելը։ Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս անգամ էլ որոշեց նման առաջարկ անել։ Եթե այնպես ստացվեր, որ նախագահները համաձայնեին, ապա Փաշինյանը, կարելի է ասել, կհասներ, իր երազանքին և քաղաքական հավասար կշիռ կստանար ինչ նախկին երեքը։ Բացի այդ, նախագահները կանեին հայտարարություններ, որ հետագայում Ալիևը և Փաշինյանը կարող էին օգտագործել հնարավոր ռազմական էսկալացիան հիմնավորելու համար։ Հիմա թուրքադրբեջանական տանդեմը Փաշինյանից պահանջում է Զանգեզուրը և ընդամենն առիթ է հարկավոր՝ նոր էսկալացիա սկսելու համար։ Բանավեճն Ալիևը կօգտագործեր «ռևանշիստական ուժերի» մասին խոսելու և պարտադրանքները մեծացնելու համար։ Եթե նախագահները գային, հետագա զիջումները, որին պատրաստվում է այս իշխանությունը, պետք է բարդվեր նաև նրանց վրա։ Փաշինյանը հայտարարելու էր, որ այ դուք եկաք, այդպես ասացիք, դրա համար էլ այսպես եղավ։

Այս ամենի մյուս կողմում այլ իրավիճակ է։ Բանավեճից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանը հանրությանը կմատուցի այնպես, ասես թաքցնելու բան ունեին դրա համար էլ հրաժարվեցին (այդպես էլ արեց, ի դեպ)։ Այստեղ տեղին է հիշել անտառում առյուծի և ավանակի կռիվը։ Ավանակն առաջարկում է կռվել իր հետ, կամ էլ ինքը բոլորին կասի, որ առյուծը վախեցել է իրենից։ Առույծն էլ պատասխանում է․ «Ավելի լավ է մտածեն, որ վախենում եմ քեզնից, քան՝ այնքան հիմար եմ, որ համաձայնել եմ քեզ հետ կռվել»։

Կարևոր է նաև այն, որ քաղաքական առումով բանավեճը, որևէ կերպ իմաստ չէր ունենա, քանի որ վարաչպետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Սա նշանակում է, որ մինչ այդ ինչ եղել է, չի ընդունում և մի կողմ է թողնում։ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում կա մի էական փաստ։ Նախկինում, Փաշինյանի պատկերացմամբ, Արցախը հանձնելու շուրջ բանակցած քաղաքական ուժերի կառավարման ժամանակահատվածում ունեինք 12 500 քառ․ կմ Արցախ  և 29 800 քառ․ կմ Հայաստան։ Հայկական երկու հանրապետությունների տարածքային կորուստները եղել են իր կառավարման և իր սեփական կետից բանակցելու արդյունքում։ Ահա թե ինչում է անվիճելիության մասին նախագահների ակնարկը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան