Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Այրիմի՝ «թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդումը» մեծ նշանակություն ունի։
Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը «ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհում»։
Այրիմն ընդգծել է, որ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համակարգված գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում»։
Նա նշել է նաև, որ «Ադրբեջանի դերը էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես էներգետիկ հանգույց, նշանակալի են ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»։
Ըստ նրա՝ «Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը և Կիպրոսի հարցն էլ ավելի են ընդգծում դրա ռազմավարական նշանակությունը, իսկ համատեղ համագործակցությունն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։









