Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի հայտարարել է, որ չի ցանկանում, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն էլ ավելի սրի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա եվրոպական գործընկերների միջև հարաբերությունները, հաղորդում է Reuters-ը։
«Մենք չենք ուզում, ես չեմ ուզում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի։ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է, ներառյալ և առաջին հերթին՝ Եվրոպայում»,- լրագրողներին ասել է նա։
Միևնույն ժամանակ, Իսրայելի շարունակական ռազմական արշավը Լիբանանում հնարավոր է վիժեցնի ԱՄՆ-ի և Իրանի միջև Մերձավոր Արևելքում պատերազմի շուրջ սպասվող խաղաղության բանակցությունները, ասել է Մերցը։
«Մենք առանձնահատուկ մտահոգությամբ ենք հետևում հարավային Լիբանանում տիրող իրավիճակին,- ասել է կանցլերը։ -Այն դաժանությունը, որով Իսրայելը պատերազմ է մղում այնտեղ, կարող է հանգեցնել ամբողջ խաղաղության գործընթացի փլուզմանը, և դա չի կարելի թույլ տալ»։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել շտապ շարունակել բանակցությունները Իրանի հետ։ Գերմանիան վերսկսում է Իրանի առաջնորդների հետ Թեհրանում ուղիղ բանակցությունները, Բեռլինում հայտարարել է Մերցը։









