Foto

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուքի համար ձերբակալվել է «Վնուկովո»-ում

Տրանսպորտային ոստիկանները «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալել են Երևան-Մոսկվա չվերթ կատարած ինքնաթիռի ուղևորին, որը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հարվածել բորտուղեկցորդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երևան-Մոսկվա ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորը տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում», - ասված է ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են վարչությունում, հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանած ինքնաթիռում կա ոչ ադեկվատ ուղևոր, որն իրեն ագրեսիվ է պահում։ Տրանսպորտային ոստիկանները ժամանել են օդանավակայանի թռիչքադաշտի կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ժամանակ ուժ է գործադրել, հարվածել է ուղեկցորդներից մեկի գլխին և անտեսել է անձնակազմի դիտողությունները։ 

Հաղորդվում է, որ 1982 թվականին ծնված սանձարձակ ուղևորն օտարերկրացի է՝ «հեռավոր արտասահմանի պետություններից մեկից»։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Տղամարդը ներկայում կալանքի տակ է: