Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։
Մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։
«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով և իմ քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար իմ թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակի մեջ, որ քննարկեն ինձ խմբակցությունից հեռացնելու հարցը։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով։ Վայր եմ դնում նաև իմ լիազորությունները՝ որպես Հաշվիչ հանձնախմբի անդամ»,- ասաց Աղազարյանը։
Անդրադառնալով իր հասցեին հնչած տարաբնույթ մեկնաբանություններին և գնահատականներին՝ պատգամավորը հայտարարեց, որ կպատասխանի «ոչ հայելային»։
ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Հովիկ Աղազարյանը 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: