«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Մադրիդի «Ռեալի» նախկին գոլահար Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած կարիերայի երկարամյա մրցակցության մասին իր տպավորություններով։ Ներկայումս արգենտինացին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», իսկ պորտուգալացին՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրում»։
«Նման բանը միանգամայն նորմալ է ֆուտբոլային աշխարհի համար։ Կրիշտիանուն խաղում էր «Ռեալում», ես՝ «Բարսայում»։ «Էլ Կլասիկոներ», դերբիներ․ մենք երկուսս էլ պայքարում էինք թիմային և անհատական տիտղոսների համար։
Ֆուտբոլային միջավայրն ինքն է դրդում դրան։ Մրցակցելը, այս կամ այն տարբերակն ընտրելը նորմալ երևույթ է, որն առաջանում է ֆուտբոլում, ինչպես դա լինում է թիմերի կամ հավաքականների դեպքում։ Այս ամենը մնում է սպորտային հարթությունում, այդպես էր նաև այն ժամանակ։ Ճիշտ նույն կերպ մարդիկ համեմատում են նաև այսօրվա ֆուտբոլիստներին և ընտրում են այն, ինչ իրենց ավելի շատ է դուր գալիս»,- նշել է Մեսսին։
Արգենտինացի ֆուտբոլիստը նաև անդրադարձել է Ռոնալդուի հետ ունեցած անձնական շփումներին և մրցակցությանը․
«Կարիերայի ընթացքում և՛ նա, և՛ ես հասանք կարևոր արդյունքների, որոնք էլ ավելի սրեցին մրցակցությունը։ Մենք միշտ նշել ենք, որ մեր միջև մտերիմ ընկերություն չի եղել, քանի որ հազվադեպ էինք հանդիպում՝ բացառապես խաղերի կամ ինչ-որ միջոցառումների ժամանակ։ Միշտ մրցակցել ենք՝ կամ նա էր հաղթում, կամ՝ ես, բայց միշտ ամեն ինչ լավ էր ընթանում։
Այժմ մենք միմյանցից հեռու ենք, կյանքի տարբեր փուլերում ենք։ Բայց դա չի դադարել լինել սպորտի մի մաս և շատ ավելին: Մարդիկ հաճույք էին ստանում մեր մրցակցությունից՝ անկախ նրանից, թե ում էին երկրպագում։ Այդ մրցակցությունը շատ լավ անցավ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Infobae-ն։









