ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար ձևաչափով պատասխանել է քաղաքացիների հարցերին։
Քաղաքացիներից մեկն Արմեն Աշոտյաանին հարց է ուղղել․ «Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, պաշտպանել, բանակցել որևէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն, էլ ուր մնաց՝ ջրային ռեսուրսների լրջագույն հարցով։
Այսքանից հետո է՛լ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարևորագույն տեղեկատվություն հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու»։