ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ կառաջարկի միության անդամ երկրներին դադարեցնել քաղաքական երկխոսությունն Իսրայելի հետ։
Բորելը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝ կապված Գազայի հատվածի իրավիճակի հետ, որում անսպասելիորեն կտրուկ է արտահայտվել Գազայի հատվածում եւ Լիբանանում Իսրայելի մարտական գործողությունների մասին։
«Միջազգային կանոնների եւ դրանք կատարելուն կոչված ինստիտուտների կիրառումը սկսվում է կանոնների կատարումից առանց որեւէ տարբերության։ Դա վերաբերում է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ Գերագույն վեհաժողովին, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանին, ՄԱԿ մարդու իրավունքների Միջազգային տրիբունալին, պաղեստինցի փախստականների պաշտպանության գործակալությանը եւ ՄԱԿ բոլոր հաստատություններին։
Այլ իրավիճակներում, երբ այդ միջազգային կանոնները մշտապես խախտվում են, մենք կիրառում ենք բազմաթիվ պատժամիջոցներ՝ վիզային արգելքներից եւ ահաբեկիչների ցուցակ մտցնելուց մինչեւ ներմուծման սահմանափակումներ եւ տնտեսական պատժամիջոցներ։
Մինչ այժմ Իսրայելը ազատված էր որեւէ լուրջ հետեւանքից։ Դա պետք է փոխվի։ Ահա թե ինչու ես առաջարկել եմ արգելք մտցնել անօրինական բնակավայրերից արտադրանքի ներմուծման վրա՝ հենվելով Միջազգային դատարանի վերջին խորհրդատվական եզրակացության վրա, այնպես, ինչպես արգելված է օկուպացված ուկրաինական տարածքներից ներմուծումը, որովհետեւ անաչառությունը Եվրոպայի հանդեպ վստահության հիմքն է։
Ես նաեւ ԵՄ մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցչին խնդրել եմ գնահատական տալ Իսրայելի կողմից ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի կատարմանը, որը ես շուտով կներկայացնեմ մեր անդամ պետություններին։ Հենվելով այդ գնահատականի վրա՝ ես կառաջարկեմ ԵՄ անդամ պետություններին դադարեցնել քաղաքական երկխոսությունն Իսրայելի հետ։ Չլսված խնդրանքների մի ամբողջ տարվանից հետո մենք չենք կարող շարունակել աշխատել սովորական ռեժիմով»,- հայտնել է Ժոզեպ Բորելը։