ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց․ «Պատմության
անցքերը, ողբերգական Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն
դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չի»:
Այս արտահայտությունը քաղաքացիների համար ամենաանընդունելից մեկը
կարող է լինել, քանի որ Ցեղասպանության ճանաչման օրակարգը միշտ առաջ է մղել ՀՀ ԱԳՆ-ն։ Դեսպաններն են, որ
ցանկացած պատեհ առիթով տարբեր երկրներում բարձարացնում են այս նուրբ թեմային առնչվող
հարցերը։ Հենց դեսպանների աշխատանքի շնորհիվ է, որ տարբեր երկրներ ճանաչել
են Հայոց ցեղասպանության փաստը։ ԱԳՆ-ն այն կառույցն է, որն ամեն տարի, ապրիլի 24-ին, հյուրեր էր հրավիրում Հայաստան, ուղեկցում Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր-թանգարան և ևս մեկ անգամ
ուշադրություն հրավիրում այդ ցավալի իրողության և հայերի պահանջատիրության վրա։ Արարատ
Միրզոյանի հայտարարությունը կա՛մ չիմացության, կա՛մ էլ չտիրապետման արդյունք է։ Երկու դեպքում էլ այս արտահայտությանը պետք է հաջորդի այն նույն ստորագրաքավաքից, որը պատճառ դարձավ
արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հարաժարականի համար։
Բացի խնդրի բարոյական և հակահայկան կողմը, Միրզոյանի հայտարարությունը նաև
հակաօրինակ է։ 2020թ-ին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում
նշված է․
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
5.13 Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների
կանխարգելումը Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից
է: Այն իր արտահայտությունն է գտնում թե՛ տարածաշրջանային անվտանգության և թե՛ միջազգային
համագործակցության ուղղություններով Հայաստանի ռազմավարական մոտեցման տրամաբանության
մեջ:
5.14 Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու
պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է:
5.15 Ցեղասպանության կանխարգելումը միջազգային ասպարեզում մեզ համար
ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը
վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու
են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի
պաշտպանությանը:
5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում
է այս հանձնառությունը միջազգային համագործակցության միջոցով և հանդես է գալիս այդ
համագործակցության առաջատարի դիրքերից՝ հիմնվելով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը
կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա:
Այսպես բոլոր դրույթներն ԱԳՆ գործառույթ են ենթադրում։ Նույն տրամաբանությունն
է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրում
«Արտաքին քաղաքականություն
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների,
մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության
ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության
դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն
փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը,
և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային
ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին,
այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:
Նույն փաստաթղթի մեկ այլ դրույթ էլ սահմանում է․
«Արտաքին գործերի նախարարություն
3.2 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղում՝
ուղղված Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը:
Ակնկալվող արդյունք
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և տարածաշրջանային
անվտանգության առաջմղում»:
Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ ԱԳ
նախարար Արարատ Միրզոյանին։ Մի՞թե սա այն հերթական նախապայմանն է, որի մասին զգուշացնում
էր ՀՀ ընդդիմությունը և որը զիջվել է՝ հանուն հայ-թուրքական «բարեկանության» կամ առևտրի,
ինչը հարաբերությունների կագավորման լավագույն տարբերակ էին դիտարկում ՀՀ կառավարության
ներկայացուցիչները։









