Foto

Շատ ինտրիգային մետամորֆոզ՝ ԱՊՀ-ում կամ՝ «Ձեզ մոտ կվադրոբերներ կա՞ն»

ԱՊՀ ձևաչափում հետաքրքիր մետամորֆոզներ են տեղի ունենում, թեև դրանց մի մասը դրական նշանով է, իսկ մյուս մասը դեռ «մինուս» նշանն է կրում:

Հայաստանի մասով ամեն ինչ կամ մեծամասամբ «մինուսի» տիրույթում է: Փաշինյանը ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովներին մասնակցում է կա՛մ հոբելյանական ոսկե մատանի ստանալու, կա՛մ կուշտ ուտելու, կա՛մ հերթական մայրաքաղաքում հեծանիվ քշելու մոտիվացիայով, բայց, օրինակ, չի միանում  ԱՊՀ երկրների քաղաքական կոնսոլիդացիայի համար այնպիսի կարևոր հայտարարությունների, ինչպիսիք են, օրինակ, «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարությունները: Երեկ արդեն դրա հնարավոր հետևանքներին անդրադարձել եմ:

Բայց թողենք Փաշինյանին՝ իր հեծանիվի հետ միայնակ, ԱՊՀ-ում բոլորն էլ գիտեն, թե ով է պտտեցնում դրա ոտնակները՝ Փաշինյանի փոխարեն: Մոսկվայում ավելի հետաքրքիր մետամորֆոզներ էլ են տեղի ունենում:

Մասնավորապես՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը հանդես է եկել ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության ստեղծման նախաձեռնությամբ: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ այդ երկիրը խոչընդոտներ էր սահմանում ռուսական բանկերի համար, այդ երկրում, պետական հեղաշրջման փորձը ՀԱՊԿ ջանքերով կանխելուց հետո, լուրջ հակառուսական տրամադրություններ են գեներացվում հասարակության մեջ, Արևմուտքի երկրները լուրջ հակառուսական քաղաքականություն են տանում ոչ միայն Ղազախստանում, այլև ամբողջ միջինասիական տարածաշրջանում և այլ: Բայց, արի ու տես, որ Տոկաևը հանկարծ առաջարկում է ռուսաց լեզվի միջտարածաշրջանային կազմակերպություն ստեղծել:

Իմ գնահատմամբ՝ սա մի քանի դրդապատճառ ունի: Նախ Տոկաևը և այնտեղ գտնվող բոլորը, բացի Փաշինյանից, հասկացել են, որ Ռուսաստանն աստիճանաբար դուրս է գալիս «սև շրջանից», ուկրաինական հակամարտության մեջ ստացել է ստրատեգիական և քաղաքական նախաձեռնություն: Արևմուտքն էլ, աստիճանաբար, «ջուր է քաշում» Զելենսկու ծրագրերի վրա: Ավելին, այնտեղ արդեն խոսում են Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների դիմաց ՆԱՏՕ հրավերի մասին և այլն: Բայց սա ընդամենը քաղաքական բաղադրիչն է, թեև ամենևին էլ երկրորդական չէ:

Այսպիսի նախաձեռնությունը պակաս կարևոր չէ ԱՊՀ ներքին կոմունիկացիոն գործիքների ստեղծման տեսանկյունից: Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը շատ բան է որոշում, և, կախված նրանից, թե ի՞նչ լեզվով ես այն ստանում, որոշվում է նաև այդ տեղեկատվության բովանդակությունը: Դա օբյեկտիվ է, թեև շատ են նաև չարաշահումը և մանիպուլացիաները: Դա մենք զգում ենք մեր մաշկի վրա, որովհետև համացանցում գերակշռող անգլալեզու տեղեկատվությունը և առկա բովանդակությունը ոչ միայն այդ լեզվամշակույթի տարածողն է, այլև դրա քաղաքական նպատակների հաճախ ոչ անաչառ սպասարկուն: Ռուսերենով հսկայական գիտական, տեխնոլոգիական, կրթական և հումանիտար մասնագիտական բովանդակություն է ձևավորվում, որը շատ դեպքերում ոչ միայն անհասանելի է, այլև արդեն անհասկանալի է ԱՊՀ տարածքում: Փաշինյանի ռուսերենը՝ ձեզ օրինակ:

Ես չգիտեմ, թե ի՞նչ ճակատագիր կունենա Տոկաևի նախաձեռնությունը, բայց գրեթե վստահ եմ, որ մի շարք արևմտյան դեսպաններ արդեն հավաքում են Հայաստանի ԱԳՆ և կառավարության հեռախոսահամարները՝ որպեսզի հերթական դիրեկտիվներն իջեցնեն՝ չհամաձայնե՛լ, չաջակցե՛լ, այլապես …

Հ.Գ.

Տեսնես՝ ինչո՞ւ էր Լավրովը Միրզոյանին հարցնում. «А у вас есть квадроберы?»

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան