Foto

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ. Օվերչուկ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը 2020 թվականին ստորագրել են Մոսկվան, Բաքուն և Երևանը, և որը թույլ է տվել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում: Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` միաժամանակ նշելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի մասով առաջընթաց գրեթե չկա երկու տարի կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած տարվա ամռանից»,-ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում ասել է նա։

Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, տրանսպորտային կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։