Foto

ՀՅԴ. Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները՝ արդարացված

Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն անցնում էին շինծու քրեական գործով, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում։ Վերջիններս 2021թ․ ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ, աջակցություն հայտնել բերման ենթարկված տասնյակ սյունեցիների։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու՝ ցույցի ժամանակ, իբր, Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել էին հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Վերաքննիչ քրեական դատարանը նրանց անմեղ էր ճանաչել ու արդարացրել, սակայն դատախազությունը հաջորդիվ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։