Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստի
շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների»
և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության»
վերաբերյալ հայտարարություններին:
Փաստացի, այս հայտարարությունը ստորագրող ԱՊՀ մյուս երկրներն իրենց աջակցությունն
են հայտնում հայտնում Ռուսաստանին՝ հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության
վերաբերյալ: Այն, որ Հայաստանի իշխանություններն անթաքույց հակառուսական գիծ են որդեգրել
և օժանդակում են Հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնելու
կամ ընդհանրապես վերացնելու Արևմուտքի քաղաքականությանը՝ մեկնաբանման կարիք էլ չունի:
Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա:
Բանն այն է, որ Արևմուտքը
Ռուսաստանի դեմ պայքարում է ոչ միայն ուկրաինական ռազմաճակատում, այլև տնտեսական ոլորտում:
Ռուսաստանի դեմ գործում են բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ, որոնք, ըստ գաղափարի,
պետք է բերեին այդ երկրի տնտեսական թուլացմանը և ստրատեգիական պարտությանը: Ճիշտ է,
դրանից պատժամիջոցներ սահմանողներն ավելի շատ են տուժվում, բայց դա իրենց ընտրությունն
է:
Հայաստանը, ի տարբերություն
իր Արևմտյան բոսերի, այդ պատժամիջոցների ամենանպաստավոր շահառուներից մեկն է դարձել,
որովհետև դրանց շնորհիվ մեծացել է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ հսկայական
ֆինանսական մուտքեր ապահովելով պետական բյուջեյի, երկրի տնտեսական զարգացման թեև արհեստական,
բայց՝ դրական ցուցանիշների համար:
Ասել, թե Փաշինյանի կառավարությունը
կողմ է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին, որովհետև դրանից մեծ օգուտներ
է ստանում, միանշանակ չէ: Ակնհայտ է, որ հայաստանյան հակապատժամիջոցային «առևտրային
միջանցքն» աստիճանաբար կորցնում է իր ակտուալությունը: Դրա մասին վկայում են ոչ միայն
տնտեսական նվազող օբյեկտիվ ցուցանիշները: Հայաստանյան «միջանցքն» արդեն դիվերսիֆիկացվում
է ադրբեջանականով, իրանականով ու, նույնիսկ, վրացականով, որի իշխանությունները չեն
աջակցում հակառուսական պատժամիջոցներին: Վրաստանը նույնիսկ ինքն է կանգնած Արևմուտքի
հնարավոր պատժամիջոցների շեմին, բայց հասկանում է, որ նախընտրելի է իրական անվտանգային
երաշխիքներ ստանալ Ռուսաստանից, քան գրոշներ ու դատարկ խոստումներ՝ Արևմուտքից: Հարկ
է նշել, որ ԱՊՀ անդամ միջինասիական երկրներն էլ են Արևմուտքի ճանշումների տակ, բայց
գիտակցում և կշռում են իրենց անվտանգային մարտահրավերները:
Իր այս «դեմարշով» Հայաստանը
ոչ միայն կարող է կորցնել Ռուսատանի համար «առևտրային միջանցքի» իր կարգավիճակը, այլև
ի չիք է դարձնում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից հնարավոր ցանկացած ոտնձգության դեպքում
Ռուսաստանի որևէ միջնորդական հնարավորությունը:
Մինչ այժմ պաշտոնական Մոսկվան անտեսում է Փաշինյանի կառավարության հակառուսական դրսևորումները,
որովհետև հայաստանյան «առևտրային միջանցքը» դեռևս փոխշահավետ է:
Բայց ինչպես տեսնում ենք, Փաշինյանի իշխանությունը մեզ տանում է
վաղուց մոռացված «մութ ու ցուրտ»
ձմեռների
մղձավանջային ժամանակները, ինչպես վերջերս
նախազգուշացրել
կամ «ավետել էր» ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերը: