Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝
Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի
1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից։ «Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն
մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի
պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական
սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ
զորքերի ուժերով», - նշված է վարչապետի խոսնակի տարածած հաղորդագրությունում։
Ռուս սահմանապահներն ավելի վաղ հեռացել էին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Իշխանական քարոզչամեքենան և ձեռնասուն արևմտամետները
երեկվանից իսկական խրախճանք են սկսել՝ այս որոշումը որպես ինքնիշխանության ամրապնդման
ևս մեկ քայլ անվանելով։ Մինչդեռ, փորձագետները նշում են, թե Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ առջև
ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը
հայ-իրանական սահմանից: Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից՝
«Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:
Արևմուտքն ամեն գնով ուզում է հասնել «Զանգեզուրի միջանցքի»
բացմանը, դրա վերահսկողությունն արևմտյան որևէ կառույցի կամ Թուրքիային հանձնելու միջոցով։
Այդկերպ, նաև լուծվելու է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու հարցը։ Վստահաբար, Փաշինյանը
ՀՀ շահերից բխող որևէ հաշվարկ այս հարցում էլ չունի, ընդամենը շարժվում է իր արևմտյան
տերերի հանձնարարականներով։ Արդյունքում, ինչպես միշտ, Հայաստանը կանգնելու է կոտրած
տաշտակի առջև։