Foto

Իրանն ու Սիրիան քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները, հայտնում է Tasnim-ը։

Շաբաթ օրը Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը և Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել են Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված լիբանանցիներին աջակցելու անհրաժեշտությունը:

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը այլընտրանք չունի, քան դադարեցնել մարդկանց զանգվածային սպանությունները Լիբանանում և Գազայում և թույլ տալ մարդկանց օգտվել իրենց օրինական իրավունքներից:

Նա նաև բարձր է գնահատել Սիրիայի և Իրանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և նրանց համագործակցությունը տարածաշրջանի երկրների առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, «առաջին հերթին արաբական տարածքների իսրայելական օկուպացիայի և Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում  խաղաղ բնակիչների սպանությունների առումով»:

Սիրիայի ղեկավարը նաև բարձր է գնահատել Իրանի վճռական արձագանքը «տարածաշրջանի երկրների ինքնիշխանության Իսրայելի բազմակի խախտումներին»՝ ասելով, որ Թեհրանի վերջին պատասխան հրթիռային հարվածը «դաս է տվել սիոնիստական ​​ռեժիմին, որ դիմադրության առանցքն ի վիճակի է զսպել թշնամուն և ձախողել նրա դավադրությունները»:

Իր հերթին, Արաքչին ընդգծել է «Լիբանանի և Պաղեստինի դիմադրության ուժերի հզորությունը՝ Իսրայելի ռեժիմի մահվան և ավերի մեքենայի դեմ»։

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է դիմադրության կողմնակից բոլոր երկրների միջև համակարգման անհրաժեշտությունը՝ «սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու համար»:

Արաքչին Սիրիա է այցելել Լիբանան կատարած այցից հետո։