Foto

Արցախցին դատարանում հաղթել է Սոցապին, սակայն նախորդ ամիսների աջակցությունը չի կարողանում ստանալ

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված Իննա Բարսեղյանն ահազանգում է՝ մինչև 2024 թվականի մայիս ամիսը չի ստացել կառավարության կողմից արցախցիներին տրվող 40 հազար դրամ աջակցությունը. դիմել է դատարան ու հաղթել գործը, սակայն մինչև օրս նախորդ ամիսների աջակցությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալ չի հաջողվել։ Իննա Բարսեղյանի որդին՝ Ժորա Բարսեղյանը պատմեց, որ ինքն ու տատը ստացել են իրենց հասանելիք աջակցությունը, իսկ մայրն միայն 10 հազար դրամ աջակցությունն է ստացել։

«Զանգեցինք թեժ գիծ, ասացին՝ հնարավոր է, որ Հայաստանում գույք ունի, դրա պատճառով էլ աջակցություն չի ստանում։ Կադաստրի կոմիտեից թուղթ ներկայացրինք Սոցափ նախարարություն, որ մայրիկիս անունով գույք չկա։ Դիմումը նորից մերժեցին՝ պատճառաբանելով, թե նախկին ամուսնու անունով տուն կա Կոռնիձոր գյուղում՝ առանց պարզելու, որ մայրս ու հայրս վաղուց բաժանվել են, բնակարանն էլ ձեռք է բերվել նվիրատվության միջոցով, ոչ համատեղ կյանքի ընթացքում։ Այսինքն մայրս այդ տան սեփականատեր չի հանդիսանում։ Դատարան դիմեցինք, և ապացուցեցինք, որ նախարարության սխալի հետևանքով աջակցությունը չենք ստացել։ Դատարանի վճիռն արդեն կա, սակայն 6 ամիսների ընթացքում կուտակցված 240 հազար դրամն այդպես էլ նախարարությունը չի վճարել»–պատմեց Ժորա Բարսեղյանը՝ հավելելով, որ ընտանիքի ապրուստի միակն միջոցը դեռևս կառավարությունից ստացվող աջակցությունն է. Գորիսում վարձով են բնակվում, աշխատանք գտնել էլ դեռևս չի հաջողվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ խնդրրի մասին տեղյակ են, Արցախից բռնի տեղահանված քաղաքացին շուտով կստանա իրեն հասանելիք աջակցությունը։

ImportedPhoto.749734056.120467.jpeg (85 KB)