Գրել էինք, որ Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Խորհրդի անդամները հիմնականում ուշադրություն կդարձնեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության կատարելագործմանը:
Բացի այդ, նախատեսվում է միջոցառումներ մշակել ԱՊՀ երկրներ մուտքի և ելքի ուղիներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների և այլ արմատական տարրերի որոնման ժամանակ համագործակցության ակտիվացման ուղղությամբ, ինչպես նաև ամփոփել ընթացիկ տարում ահաբեկչությանն ու ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի արդյունքները և որոշել հաջորդ տարվա աշխատանքի ուղղությունները:
Միաժամանակ կկայանան նաև Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմինների նիստեր՝ օպերատիվ-ծառայողական գործունեության կոնկրետ ուղղություններով, գրում է Sputnik Ղազախստանը:
Հավելենք, որ նիստի մեկնարկից առաջ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նշել է, որ այս հարթակն իրեն դրսևորել է որպես անվտանգության ոլորտում ջանքերը համակարգելու գործիք, և մերօրյա պայմաններում խորհրդի դերն է՛լ ավելի է մեծանում:
Աղբյուրը՝ Hraparak.am









