Foto

Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է․

«Երեկ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ երկաթին 1 տարի 10 ամիս ժամկետով նախատեսված կալանքը կրելու համար տեղափոխեցին բանտ։

Մինասյանի տեսակի ու հեղինակության հետ հաշտ չէին նույնիսկ այն պարագայում, երբ նա Արցախի կորստից հետո, տեղափոխվելով Սիսիանի հեռավոր Լծեն գյուղ, կարելի է ասել, ինքն իրեն բանտարկության էր դատապարտել՝ միայնակ ապրելով Սյունիքի լեռներում ծվարած այդ կտրված, փոքրիկ գյուղում։

Հաշտ չէին, որովհետև որքան էլ որ հրամանատարը «հեռացել էր» մեզանից, նրա ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին։

Հաճախ Սյունիքում լինելուց, երբեմն միայնակ, երբեմն ընկերներով, այցելում էինք հրամանատարին։

Ամեն անգամ բաժանվելուց մի նոր լիցք, գաղափար ու չհանձնվելու, չկոտրվելու՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության առանձնահատուկ մի զգացողությամբ էի վերադառնում։

Շատ էին մեր խոսակցությունները, քննարկումները ու բանավեճերը, երբեմն չէինք էլ նկատում, թե ոնց էին ժամերը անցնում։

Արդեն գիտեինք, որ բանտարկելու են, և օրեր առաջ վերջին անգամ այցելեցի հրամանատարին՝ հրաժեշտ տալու։ Ծանր էր զգացողությունը, մտքերը, երբ գնում ես բանտարկվելուց առաջ հրաժեշտ տալու մարդու, ով իր, իր եղբոր, որդիների, ընկերների կյանքը մշտապես դրած է եղել հայրենիքի փրկության զոհասեղանին, բայց այդ նույն հայրենիքում հալածում ու բանտարկում են նրան մարդիկ, որոնք ծնվել, մեծացել և այսօր այդ պաշտոններն ու լծակները ստացել են հենց հրամանատարի և իր ընկերների սխրանքների ու հաղթանակների շնորհիվ։

Հ.Գ. Հրաժեշտի վերջում պայմանավորվեցինք՝ որտեղ էլ լինենք, քանի դեռ չենք հաղթել, ուրեմն անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։

Ուժ և ամրություն չեմ մաղթում, հրամանատա՛ր, որովհետև գիտեմ, թե որքան ուժեղ և վճռական ես, միայն ցանկանում եմ առողջություն, որ քո և մեր բոլորի հավաքայան նպատակների իրականացմանը մասնակից և առաջնորդող լինես»։