Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում՝
կառավարության հետ հարցուպատասխանին ակամայից, անուղղակի իր դժգոհությունն է հայտնել
Արևմուտքից, դեպի ուր նա սլանում էր վերջին ամիսներին։ Խոսելով երաշխավորի ինստիտուտի
մասին՝ Փաշինյանն ասել է. «Աշխարհի՝
իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության
երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում
ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»:
Կարծես թե, Փաշինյանի այս հայտարարությունը բխում է
ինքնիշխանության ու անկախության մասին նրա թեզերից, սակայն իրականում դժգոհություն
է այն երկրներից, որոնք փորձում են դիրքավորվել իբր Հարավային Կովկասում անվտանգության
երաշխավորներ։ Հայաստանը, որ վերջին երկու տարում հասցրել է փչացնել հարաբերությունները
Ռուսաստանի հետ, արտաքին քաղաքական շրջադարձը պատճառաբանում էր անվտանգային միջավայրը
դիվերսիֆիկացնելու ձգտումներով, իսկ այսօր Փաշինյանի բերանով է խոստովանում, որ որևէ
երաշխիք տվող չկա, իսկ Հայաստանը մեն-մենակ է մնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Դեպի Ռուսաստան վերադարձը, եթե ոչ անկարելի, ապա խիստ
բարդ է, առնվազն Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Հարաբերությունները հնարավոր
է կարգավորել միայն նոր իշխանություն ունենալու դեպքում, իսկ ՔՊ-ական վարչախումբը որևէ
կերպ չի ցանկանում ձեռքից բաց թողնել իշխանության ղեկը։ Ու այսպես, որքան երկարում
է վարչախմբի գոյությունը, այնքան վտանգվում է Հայաստանը։