Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիրը պետք է լինի այնպիսին, որ Ռուսաստանի համար անհնար լինի կրկին ներխուժել Ուկրաինա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալասն ասել է BBC-ի «Today» (Այսօր) հաղորդման ժամանակ։
«Եթե մենք ուզում ենք մեկընդմիշտ վերջ դնել այս իրավիճակին, ապա իսկապես պետք է զիջումների հասնենք Ռուսաստանի կողմից», – ասել է Կալասը։Մեծ ութնյակի կազմ Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ Կալասը նշել է, որ դա «ոչ մի դեպքում չպետք է» տեղի ունենա։
«Մենք չենք կարող վերադառնալ նախկին ռեժիմին….Ինչպե՞ս եք դա պատկերացնում», – ասել է նա։ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի համար, բայց նաև նշել է, որ արժե հարցնել, թե ինչն է «իրականում խաղաղություն բերում» Ուկրաինային։
Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ. ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել, կետերի թիվը նվազեցվել է։
Հրապարակումների համաձայն՝ ծրագիրը ներառում է, մասնավորապես, անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։
Բացի այդ, ըստ առաջարկի՝ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը:
Առաջարկով նաև նախատեսվում է Ռուսաստանի վերադարձը G8, որտեղից այն հեռացվել էր 2014 թ. մարտին Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Այդ ժամանակից ի վեր Մեծ ութնյակը դարձել է Մեծ յոթնյակ։









