Foto

ՀՀ քաղաքացին պետք է մեկ առաջնային խնդիր ձևակերպի, և դա ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ-ուղերձ՝ դիմելով քաղաքացիներին։ Նա առաջարկել է, որ բնակիչները իրենց բնակավայրերի խնդիրները հավաքեն, ռեյտինգավորեն, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։

Փաշինյանի առաջակած կարգը հետևյալն է առանձնացնեն ամենաանհրաժեշտ երեք խնդիրը և երբ հնարավորություն են ունենում հանդիպել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին կամ անձամբ իրեն, ասեն միայն այդ երեքը։

Այն, որ բոլոր երկրներում էլ բազմաթիվ խնդիրներ կան, գաղտնիք չէ, բայց ՀՀ-ում դրանք, այս կամ այն կերպ պակասելու փոխարեն, ավելանում են։ Օրինակ՝ որոշ համայնքներ դառնում են սահմանմերձ և առնչվում անվտանգային խնդիրներ հետ, որոշ սահմանմերձ բնակավայերից զգալի արտագաղթ կա, սեփական հողատարածքը մշակելու խնդիր է առաջանում, քանի որ գտնվում է թշնամու ուղիղ վերահսկողության տակ, մի մասն օկուպացված է արդեն տարիներ շարունակ, բնակավայրերի մի հատվածում դպրոցը թշնամու տեղակայման վայրից 50 մետր հեռավորության վրա է հայտնվում և անհրաժեշտություն է առաջանում, որ պետությունը ծառ տնկի կամ էլ պատ կառուցի՝ թշնամուց դպրոցականներին պաշտպանելու համար, քանի որ մինչ այդ որոշում է կայացրել՝  բանակը սահմանապահներով փոխարինել։

Այստեղ մի էական խնդիր կա, երբ հարցը վերաբերում է անվտագությանը, բնակիչը չի կարողանում կողմորոշվել՝ որն է առաջնային։ Օրինակ՝ վարելահողը մշակե՞լը, անասուններին արոտավայրեր տանե՞լը, իր տունը թշնամուց հեռացնե՞լը, թե՞ դպրոցի կամ մանկապարտեզի ու սահմանի միջև պատ կառուցելը, ծառ տնկելը կամ էլ այդ ծառերը ջրելու հնարավորությունը։ Հավանաբար սա է պատճառը, որ վարչապետին հանդիպելիս, միանգամից անվտանգային երեքից ավելի խնդիրներ են մատնանշվում։

Եթե երևանցին իր համար կարող է հստակեցնել սկզբում գազամատակարարո՞ւմը, էլեկտրաէներգիա՞ն, թե՞ ջրամատակարարումը կամ տրանսպորտի, ասֆալտի, աղբահանության կամ գործազրկության, պետական կառույցներում սպասարկման հերթերից, առողջապահության խնդիրներից որ երեք են հրատապ, ապա սահմանամերձում դա հնարավոր չէ: Ուստի վարչապետը, երևի, դեռ երկար անհարմար դրության մեջ հայտնվի՝ երեքից ավելի խնդիր լսելով։

Նախ կառավարությունն ասում էր, որ քաղաքացու խնդիրների լուծումն ու հատկապես աղքատությունն իրենց ուղեղներում է, հետո ասաց, որ լուծումներ գտնեն բյուջե գումար բերելու համար, որ աշխատավարձ, թոշակ ու նպաստ ստանան։ Առաջարկեց, օրինակ՝ նկարահանել ՃՈ խախտումները և ուղարկել իրենց ստեղծած կայքին և այլն։ Պատերազմի ժամանակ հստակ էր, որ ունի զրահաբաճկոն և գլխարկ, թող վերցնի և ինքնուրույն գնա իր երկիրը պաշտպանի, արդյունք այն էր, ինչ կա։

Հիմա առաջարկում և պահանջում է իրեն հանդիպելիս երեք խնդիրց ավելի չհնչեցնել, հետո էլ կասի, որ որևէ բնակավայրում մի երեք խնդրից ավելին չկա և դրանք փոքր բաներ են։

Այնուամենայնիվ, որպեսզի երկրում բազում խնդիրներ կրճատվեն կամ գոնե չավելանան, ՀՀ քաղաքացին պետք է  մեկ առաջնային խնդիր ձևակերպի՝ Բաքվին և Անկարային հաճո իշխանության բացառում:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան