Foto

Արարատ քաղաքում երկու դպրոցներ կմիաձուլվեն. Արդյունքում բյուջեն կշահի 45.6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոցը և Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոցը միաձուլել եւ վերակազմակերպել որպես «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 62/1 ուսումնական հասցեում: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը կազմում է 192, իսկ աշխատակիցների թիվը՝ 46:

Արարատ քաղաքի Շահումյան 62 հասցեում գտնվում է «Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, որն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

Նախագծով առաջարկվում է այս երկու դպրոցները միաձուլել և վերակազմակերպել «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, քանի որ 2 դպրոցներն էլ գործում են միևնույն շենքի տարբեր մասնաշենքերում, ինչը խոչընդոտում է դպրոցների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ուսումնական տարածքի օպտիմալ օգտագործմանը։Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է մեկ շենքում մեկ ուսումնական հաստատության գործունեություն:

Այս որոշման արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, պետական բյուջեի ծախսերի կրճատում տարեկան մոտ 45,6 մլն դրամ (դասարանների կոմպլեկտավորման և հաստիքների կրճատման հաշվին)՝ չհաշված կոմունալ ծախսերը: