Foto

Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նախագահին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Պետրա Բայրին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ՝ ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին ԵԽ հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։

«Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին», – հավելել է նախարար Միրզոյանը։

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում ՀՀ պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։

Արարատ Միրզոյանը և Պետրա Բայրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար։