ԵԽԽՎ 2026թ. հունվարի 26-ի թիվ 2633(2026) բանաձևը սոցցանցերով անհարկի նենգափոխված է լուսաբանվում, նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա`միջազգային իրավական փաստաթղթերի խիստ քաղաքականացվածության մասին անգամ ավելորդ է խոսել, սակայն նույնիսկ այս համատեքստում հիշյալ բանաձևը միանշանակ ամրագրում է բոլորովին այլ դրույթներ.
«- Նախ, Վեհաժողովը ոչ թե դատապարտում է մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու փաստը, այլ սոսկ դրանց վերաբերյալ հաղորդումները, իսկ թե ովքեր են հաղորդումների հեղինակները, հանրահայտ է, դրանց միացել է անգամ խորհրդարանը. «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրության մասին հաղորդումներով».
֊ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափից դուրս բևեռացման և խարանման համար: Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ»։ Սա դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին, որի մասին պարզապես լռում են քարոզիչները.
– Վեհաժողովը փաստում է, որ նախընտրական գործընթացներում առկա են լրջագույն շեղումների առնչությամբ ոչ թե հաղորդումներ, այլ փաստեր.
«Վեհաժողովը վերահաստատում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ նախընտրական քարոզարշավը լինի հիմնախնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ ընտրության մասնակիցների միջև անձնական հարձակումներից:
Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն վարքագծի համապատասխան կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ այն ներգրավվելուց, հաստատելուց կամ տարածելուց և նախատեսել պատժամիջոցներ»:
֊ Վերջապես, Վեհաժողովը Ադրբեջանի համար պարտադիր է համարել «հայ կալանավորների» հանձնումը …»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր. «Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»։









