«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը, վարվող տնտեսական քաղաքականությունը, արտաքին նպաստավոր գործոնների նվազման միտումը։
- Արտաքին միջավայրը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ դրական` ռուս-ուկրաինական պատերազմից Հայաստանը գերշահույթներ է ստանում, ռուսական ապրանքների՝ հատկապես ոսկու վերաարտահանման գործառույթները հանգեցրել են նրան, որ այս տարի կունենանք 40-43 միլիարդ դոլարի արտաքին առեւտրաշրջանառություն, որը գրեթե 2 անգամ ավելի է, քան ՀՆԱ-ն։ Ոչ միայն ռեգիոնում, այլեւ աշխարհում սա բացառիկ երեւույթ է։ Կան երկրներ, որոնց արտաքին առեւտուրը կամ արտահանումն ավել կամ հավասար է ՀՆԱ-ին, օրինակ՝ Սինգապուրը, Հոլանդիան։ Բայց այդ տեմպերը սկսել են թուլանալ եւ պատերազմի դադարեցման պարագայում աստիճանաբար կանհետանան։ Ճիշտ է, վերաարտահանումն անմիջապես ՀՆԱ չի նշանակում, բայց, ասենք, եթե ավելանում է 10 միավորով, ապա ՀՆԱ-ն ավելանում է 2-2,5-ով։ Առաջին եւ 2-րդ եռամսյակներին սրանք ապահովել են ՀՆԱ հավելաճի գերակշիռ մասը։ Եթե սա հանում ենք, ստանում ենք ՀՆԱ-ի աճ` կիսամյակի համար մոտավորապես 2.58, այս պրոցեսների հետ՝ մինչեւ 7 տոկոս աճ։ ԱՎԾ-ն ավելի ուշ ինքն իր սուտը բռնելուց հետո՝ հուլիսից տնտեսական աճը կտրուկ նվազեցրել է։ Պատահական չէ, որ անցած եւ այս տարի առաջին դեպքն է, որ բյուջեի եկամուտների աճն ավելի քիչ է, քան ՀՆԱ-ի աճը, բայց դա կայուն աճ չէ, քանզի, այնուամենայնիվ, ռեսուրսներ են ծախսվում, բայց վաղը վերանալու է։ Այս իշխանության դեպքում առաջին անգամ չէ, որ որոշ ճյուղեր աճ են ապահովում, օրինակ, առաջին 4 տարին՝ մինչեւ 2020-ը, խաղերի ոլորտն էր, բայց կայուն չեն՝ ժամանակի ընթացքում վերանում են։ Վերաարտահանումը մի սպեցիֆիկա էլ ունի՝ դրա օգուտը հասնում է վերաարտահանողին, ժողովրդին չի հասնում։ Դրանք իշխանության ներսում գտնվող մարդիկ են, ռուսական ոսկու 80 %-ն արտահանվում է Հայաստանի միջոցով։ Միակ բանը, որ ինձ ուրախացնում է, որտեղ կա շարժ, ՏՏ ոլորտն է։ Ճիշտ է` աճն ավելի քիչ է, քան պիտի լիներ։ Դրական է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արեւային էներգիայի մասնաբաժնի ավելացումը։ Շինարարության մեջ առկա է աճ, որն ինձ տխրեցնում է, որովհետեւ եկամտահարկի վերադարձի մեխանիզմը դատարկում է գյուղերը։ Երեւանի ինֆրաստրուկտուրան ծանրաբեռնված է, քաղաքապետարանը ոչ մի պլան չունի՝ հաղթահարելու այս ծանր վիճակը, որ ստեղծվել է մայրաքաղաքում։
- Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը շուտով կդադարեցվի, կառավարությունը մտադիր է հարկել նաեւ այդ գումարները՝ որպես եկամուտ։
- Այդպիսի բան չեն անում՝ մի ոլորտին առավելություն չեն տալիս` մյուսների հաշվին: Պետք էր որոշում ընդունել, որ այդ իրավունքը ստանում են նրանք, ովքեր նոր են ամուսնանում․ երիտասարդ ընտանիքը` 1 անգամ։ Բայց քանի որ հիմնականում ՔՊ-ականներն են այդ շենքերը կառուցում, համընդհանուր են դարձրել, որովհետեւ, եթե եկամտահարկի վերադարձը չլիներ, այդ շենքերը չէին վաճառվի։ Ես մարդ գիտեմ, որն արդեն 3, 4, 5 անգամ այդ մեխանիզմով բնակարանի տեր է դարձել, եւ, իհարկե, դրանք այն մարդիկ են, որոնք իշխանությանը մոտ են, եւ ստացվել է մի այլանդակ բան։
- Հիմա եկամուտների հավաքագրման խնդիր կա՞։
- Այո, որովհետեւ տնտեսությունն աճել է 7%-ով, իսկ իրենք բյուջեի եկամուտների հավելաճի տեմպ էին նախատեսել՝ 18%, դրան համապատասխան էլ եկամուտների աճ էին նախատեսել։ Արդեն ակնհայտ է՝ շատ ծախսեր կարիք կլինի տարվա ընթացքում կրճատել։
- Հարկային փոփոխություններ են ծրագրում, օրինակ, քրեական պատժի խստացում․ ի՞նչ արդյունք կտա: Ուզում են բյուջե՞ն լցնել։
- Դրանք ոչ մի արդյունքի չեն բերելու, պարզապես ՊԵԿ աշխատակիցները կդառնան ավելի ահարկու, դա ուժ է նրանց ձեռքին, որը կարող են կամայական կիրառել։ Լավ կլիներ՝ մտածեին, թե ինչպես հարկել վերաարտահանումը, կազինոներն ու խաղերը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը։
- Իսկ փոքր բիզնեսի նկատմամբ քաղաքականությունը. շրջանառության հարկից հրաժարում, տաքսիներին հարկել:
- Վարչապետը հայտարարեց, թե շրջանառության հարկի մեխանիզմը չի աշխատում՝ հանեք, հետո ճիշտ հակառակը՝ հայտարարեց, թե ուզում են ընդլայնել։ Ես, անկեղծ, չեմ հասկանում, թե ինչ են ուզում անել, որքան ես եմ տիրապետում, չկա մի փաստաթուղթ, որ կարդաս հասկանաս՝ ի՞նչ փոփոխություններ են անում։ ԱԱՀ-ի կիրառման ոլորտն ընդլայնել՝ նշանակում է անցնել հարկային տեռորի, որովհետեւ դրա համար պետք է իմանաս եկամուտներն ու ծախսերը, շրջանառության հարկը հաշվելու համար՝ միայն եկամուտները, այ, եթե շրջանառության հարկն է ընդլայնվում, ինչպես ամբողջ աշխարհում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, մեծ տարածում է ստանում Չինաստանում, Ռուսաստանում, երբ հրաժարվում կամ սահմանափակում են ԱԱՀ շրջանակը, դա լավ մեխանիզմ է, դու միայն շրջանառությունն ես ֆիքսում։ Երբ սկսում ես խոսել ԱԱՀ-ից, պետք է գնաս խորանաս՝ ինչ ծախսեր է արել, ինչ աշխատավարձ է տվել, ինչ է ձեռք բերել: Փոքր բիզնեսի նկատմամբ սրա կիրառումն անպայման կհանգեցնի հարկային տեռորի։ Մենք ոլորտներում իրականում աճ չունենք: Վերաարտահանումը, շինարարության արհեստական աճը հանում ես` տակը բան չի մնում։ Նայեք ծառայությունների ոլորտը, այսքան խաղերի աճ կա, գյուղատնտեսությունը չի աճում։
- Իսկ խաղային բիզնեսի եկամուտներն արդեն ՀՆԱ-ին են հավասարվում։
- Կազինոներն ու մյուս խաղերը կազմում են ՀՆԱ 55-60%-ը։ Սա դարձել է իսկական ողբերգություն։ Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում կատարվում է շուրջ 1200 սպանություն կամ սպանության փորձ, դրանց 20%-ն ինքնասպանություններն են` կապված խաղերում ահռելի գումարներ տանուլ տալու հետ։ Վերջերս խաղային բիզնեսը «հանդես է եկել» նոր որակով՝ տրամադրում է կեղծ տեղեկանքներ առ այն, որ քաղաքացին խաղացել եւ շահել է՝ դրա դիմաց վերցնելով գումարի 20%-ը։ Փող են լվանում։ Բոլորը սա տեսնում են ու չնկատելու տալիս։ ՀՀ-ում խաղային բիզնեսը վիճակագրականորեն համարվում է ՀՆԱ գեներացնող ենթաճյուղ։ Դա այդպես չէ։ Մեր երկրում այն ՀՆԱ-ն վերաբաշխող ստրուկտուրա է, ի տարբերություն Մակաոյի, Մոնակոյի, Սինգապուրի, Բահամյան կղզիների, զբոսանավերի։ Այդ երկրներում տեղացիները, որպես կանոն, չեն կարող այցելել կազինո։ Իհարկե, կան վայրեր, որտեղ այդպես չէ (Լաս Վեգաս, Լոնդոն), այլ կանոնակարգումներ կան։ ՀՀ-ում համարյա ամբողջությամբ խաղային բիզնեսը վերաբաշխում է առաջնային բիզնեսի եկամուտները տարբեր ռեզիդենտների միջեւ, դրսից նոր փողեր համարյա չկան։ Ուրեմն, այն աղքատացնում է տեղական ռեզիդենտների մեծ մասին կամ էլ «օրինականացնում» անաշխատ եկամուտները, գեներացնում ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան։ Ի՞նչ է պետք անել։ Կան վարչական ու տնտեսական լծակներ։ Ամենաուժեղը դրանց պետականացումն է կամ պետական պատերնալիզմը։ Այն լայնորեն կիրառվում է սկանդինավյան երկրներում։ ՀՀ-ում դեռեւս չեն օգտագործվել խաղային բիզնեսը կարգավորելու տնտեսական լծակները։ Առաջին. կազինոներում եւ խաղերում պետք է լինի պետության ներկայացուցիչ, որը բոլոր մասնակիցներից (խաղադրույք կատարող) պահանջի եկամտի օրինական լինելու փաստաթուղթ, հաճախորդի ընտանիքի անդամների համաձայնության մասին տեղեկանք։ Այս պահանջներն օտարերկրյա ռեզիդենտներին կարող են չվերաբերել։ Երկրորդ. ՀՀ ԿԲ-ն, ֆինանսական, հարկային, վարչական մարմինները խաղատներում ստացված շահումներն օրինական եկամուտ չպիտի համարեն։
- Անդրադառնանք գյուղատնտեսությանը, այն վերջին տարիներին կայուն անկման մեջ է։ Փաշինյանը վերջերս խաղողագործներին ասում էր` մտածեք ինքնարժեքը նվազեցնելու մասին, ոչ թե պահանջեք, որ մթերման խնդիր լուծեմ։
- Նա ոչինչ չի հասկանում, դա նրան ասած կլինի գյուղատնտեսության պատասխանատուն, էկոնոմիկայի նախարարը, որը նույնպես բան չի հասկանում։ Օր ու գիշեր մարդիկ խաղողի այգում աշխատում են` 1 կգ խաղողի ինքնարժեքը 120 դրամ է։ Խաղողի այգին հո չե՞ն մեխանիզացնելու՝ բահով աշխատում են։ Այս 120 դրամի մեջ մենք չենք հաշվում գյուղացու աշխատանքը, դրա մեջ պարարտանյութերն են, թունաքիմիկատները, որ անընդհատ թանկանում են, ոռոգման ջուրը, որը նույնպես թանկանում է։ Այսինքն՝ նման բան ասելուց առաջ նա պետք է իմանա ինքնարժեքի կառուցվածքը։ Ցավոք, չգիտի, եթե իմանար, կհասկանար, որ արդեն 20 տարի է՝ ինքնարժեքը թանկանում է` գյուղացուց անկախ պատճառներով։ Խաղողի այգին տարեկան 5 անգամ պետք է սրսկել, մի քիչ անձրեւը շատ է՝ այգին հիվանդանում է, գյուղացին ո՞նց իջեցնի ինքնարժեքը, եթե 5 անգամ պետք է թունաքիմիկատով այգին սրսկի։ Կլիմայի փոփոխությունը եւս ինքնարժեքի վրա բացասական է ազդում։ Առնվազն 3-4 անգամ խաղողի այգիները ոռոգվում են, ջրի ինքնարժեքը գյուղացուց կախվա՞ծ է, առանց այդ էլ նրա աշխատանքը մտած չէ ինքնարժեքի մեջ, եթե մտցնենք` կստացվի 160 դրամ։ 1997-98 թթ. Երեւանի կոնյակի գործարանը, որը միակներից է, որի արտադրանքի մեջ օղու սպիրտ չկա, խաղողն ընդունել է միջինը 127 դրամով, դրանից անցել է 26 տարի, դրամային գնաճը 2,6 անգամ ավելացել է, բայց ընդունման գինը 127-ից դարձել է 115-120 դրամ, ավելին` այդ 120 դրամն էլ են ափսոսում, մի 15-20 տոկոս խառնում են խաղողի սպիրտ, մնացածը՝ պարզապես օղին լցնում են, գույն են տալիս ու վաճառում։ Եվ դա առաջացրել է ռուսական «Ռոսպոտրեբնադզորի» բողոքը։ Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի մեծ մասը չի համապատասխանում ստանդարտներին։ Մարդիկ 1000 տոննա խաղող են գնում, բայց գրում են 10000 տոննա։ 9000 տոննայով ավելացնում են արտադրության ծախսերը (ինքնարժեքը), նվազեցնում թղթի վրա շահույթը եւ անգամներով պակասեցնում պետությանը վճարվող հարկերը։ Այ, սրանով պետք է զբաղվի ՊԵԿ-ը:
- Այսինքն՝ ռուսական արգելքը քաղաքական գործոնով չէ՞ պայմանավորված՝ Երեւան-Մոսկվա սրացումներով։
- Ոչ, սպառողի ճաշակը բարձրանում է, հանկարծ հայտնաբերում է, որ գույն տված օղի է խմում։ Եթե 20 տարի առաջ դա դժվար էր ֆիքսել, հիմա ռուսական անցակետերը զինվել են հատուկ ապարատներով, էլեկտրոնային բազա է ստեղծվել, մարդիկ որոշում են, թե դրա մեջ քանի տոկոսն է դիստիլյատ (կոնյակի սպիրտ), քանի տոկոսը` ռեկտիֆիկատ (օղու սպիրտ)։ Սովորական մաքսային ծառայողը կարողանում է որոշել, լաբորատոր սարքավորումները մի քանի տարի է՝ հասանելի են։
- Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կազդեն ՀՀ տնտեսական զարգացումների վրա։
- Հայ-ռուսական հարաբերությունները մեծ հեռանկար չունեն, որովհետեւ, չնայած քաղաքական դեգերումներին՝ ՀԱՊԿ, բողոք, ռուսական զորքեր եւ այլն, Փաշինյանի օրոք Ռուսաստանի տեսակարար կշիռը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ կրկնապատկվել է։ Մենք Ռուսաստանից 2 անգամ ավելի ենք կախված, քան 2017-ին։ Հիմա հա՛մ ավելի կախված ես, հա՛մ էլ կոտոշներ ես ցույց տալիս։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում